Եղիշե Չարենց

Եղիշե Չարենց

Կենսագրություն

Չարենցը ծնվել է 1897 թվականին, Կարսում։ Նրա ծնողները՝ գորգավաճառ Աբգար Սողոմոնյանը և Թեկղի /Թելլի/ Միրզայանը, Կարս էին գաղթել Պարսկաստանի Մակու քաղաքից։ Սողոմոնյանների ընտանիքում մեծանում էին չորս տղա և երեք աղջիկ։ Կարսի տունը այժմ կիսավեր վիճակում է:

Ապագա բանաստեղծը հետևողական կրթություն չի ստացել։ 19081912 թվականներին սովորել է Կարսի ռեալական ուսումնարանում և հեռացվել՝ ուսման վարձը վճարել չկարողանալու պատճառով։ 1912 թվականին Թիֆլիսի «Պատանի»  թերթում լույս է տեսել նրա «Ծաղիկները հեզ թեքվում են քամու օրորի տակին» տողով սկսվող առաջին բանաստեղծությունը: 1914 թվականին լույս է տեսել նրա բանաստեղծությունների առաջին գիրքը՝ «Երեք երգ տխրադալուկ աղջկան»։ 1915 թվականին նա զինվորագրվում է հայ կամավորական գնդերից մեկում և հասնում մինչև Վան: Գիտելիքի պակասը նա լրացրել է կյանքի <<համալսարաններում>> և ընթերցանությամբ։ 1937 թվականի նոյեմբերի 27-ին Կենտրոնական բանտի հիվանդանոցում օրեր շարունակ տևած անգիտակից վիճակից հետո, իր մահկանացուն է կնքում Եղիշե Չարենցը՝ ժամանակի մեծագույն բանաստեղծը։

 

Գրական անուն

1.Չարենցը Գուրգեն Մահարիին պատմել է, թե Կարս էր եկել Չարենց ազգանունով մի բժիշկ, որի ցուցատախտակի «Չարենց» մակագրությունն էլ վերցրել է իրեն որպես գրական անուն։ 2.Չնայած,  պատանեկան տարիների մտերիմները այլ բացատրություններ էլ են տալիս։ Ըստ Կարինե Քոթանջյանի՝ բանաստեղծը Չարենց է մկրտվել, որովհետև մանկուց եղել է չար երեխա։ Նրան այնքան են չար ասել, որ Չարենց էլ մնացել է։

3.Ըստ մեկ այլ վարկածի,  Չարենց անունն առաջացել է Ալեքսանդր Պուշկինի «Անչար» ոտանավորի հնչյունական տեղաշարժերի հետևանքով: Անչարը ծառատեսակ է, որ աճում է անապատում և որի արմատները թույն են արտադրում։

1921 թվականից Չարենց գրական անունը նրա համար դառնում է նաև քաղաքացիական ազգանուն։ Չարենց անվան ընտրությանը բանաստեղծն ավելի ուշ տվել է տրամաբանական այսպիսի բացատրություն. «աշխարհում բարու դիմակի տակ շատ հաճախ չարն է թաքնված, ես էլ իմ հոգու բարի բովանդակությանը, այսպես ասած, չար անուն եմ տվել»։